Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ռուսական վեկտորի ազդեցությունը ցանկալիից ավելի շատ է, և դա խնդիրներ է ստեղծում մեզ համար»

«Ռուսական վեկտորի ազդեցությունը ցանկալիից ավելի շատ է, և դա խնդիրներ է ստեղծում մեզ համար»
13.02.2009 | 00:00

«ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ Է»
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտից հետո միջազգային և տարածաշրջանային հնարավոր զարգացումները մեկնաբանում է «Գլոբալիզացիայի հայկական կենտրոնի» տնօրեն, վերլուծաբան ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
-Պարոն Գրիգորյան, ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո բավական հետաքրքիր հայտարարություններ հնչեցին ամերիկյան կողմից, մասնավորապես, Ռուսաստանի հետ նոր փոխհարաբերություններ հաստատելու վերաբերյալ, Իրանի հետ երկխոսության և այլ խնդիրների շուրջ։ Ինչո՞վ կտարբերվի ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականությունը նախկինից։
-Նախ` արձանագրենք, որ Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններն առայժմ ֆիքսված չեն։ Հստակ ասվել է, որ Աֆղանստանի ուղղությամբ ԱՄՆ-ն արդեն որոշակի ծրագիր ունի, կարևորվել է Իրանի հետ երկխոսությունը, բայց մնացած ուղղություններով Նահանգների դիրքորոշումը դեռևս անորոշ է։ Շատ կարևոր է, թե ով է լինելու արտաքին քաղաքականության գործնական իրականացնողը, որովհետև այդ խնդիրներում մեծ փորձառություն ունի փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը։ Սակայն պետքարտուղարը Հիլարի Քլինթոնն է։ Անձի պարագան այս դեպքում կարևոր է։
Մի շարք հարցերում ԱՄՆ-ի կողմից կլինեն կառուցողական բնույթի քայլեր, ինչպես, օրինակ, Իրանի հետ հարաբերությունների հաստատման կապակցությամբ արված հայտարարությունները։ ԱՄՆ-ը, փաստորեն, հրաժարվում է ժամանակին առաջադրված նախապայմանից` Իրանի ատոմային ծրագրի կասեցման հետ կապված, որը լուրջ փոփոխություն է։ Ռուսաստանի հետ հարաբերություններում նույնպես որոշ իմպուլսներ կան, բայց չեմ կարծում, թե Բարաք Օբամայի քաղաքականությունը խիստ տարբեր է լինելու Ջորջ Բուշի արտաքին քաղաքականությունից։
-Ինչո՞ւ եք այդպես կարծում։
-Բազմաթիվ պատճառներով։ Մեծ տերությունների արտաքին քաղաքականությունն այդքան էլ չի փոխվում, Բուշի ընտրած ռազմավարությունը միայն իր ցանկությամբ չէր պայմանավորված, այլ բազմաթիվ օբյեկտիվ գործոններով։ Վերջին կես տարում, օրինակ, երբ ԱՄՆ-ում զբաղված էին ընտրություններով, Նահանգների հեղինակությունը հետխորհրդային տարածքում լուրջ անկում է ապրել։ Իրենք չեն կարող դա նկատի չունենալ, եթե, ասենք, Ղրղզստանը հայտարարում է 2001-ից իր տարածքում գտնվող ռազմաօդային բազան փակելու մասին, ինչը շատ կարևոր է Աֆղանստանում դաշնակից զորքերին աջակցություն ապահովելու առումով։
-Դե, Ռուսաստանը Ղրղզստանին 2 մլրդ դոլարի վարկ է խոստացել, բացի այդ, Բիշքեկը ՀԱՊԿ-ի կազմում է։
-Սկսենք նրանից, որ Մոսկվան այդքան փող չի տա, դա հստակ է։ Բայց Ղրղզստանի պահվածքի իրական պատճառն այն է, որ, ռուս-վրացական պատերազմի ժամանակ հետխորհրդային պետություններին բնորոշ ընկալումների տեսանկյունից, ԱՄՆ-ը չկարողացավ բավարար չափով պաշտպանել Վրաստանին ռուսական ներխուժումից։ Այդ իրադարձություններից հետո նույնիսկ բավականին արևմտամետ Ադրբեջանն է դարձել շատ զգուշավոր իր արտաքին քաղաքական դրսևորումներում։ Ստացվում է, որ անգամ հզոր երկրների համար քաղաքականության տատանումները բացասական հետևանք են ունենում։ ԱՄՆ-ը չի կարող առաջնորդվել նախկին քաղաքականությունից ամբողջությամբ հրաժարվելու սկզբունքով։ Մեկ տարվա ընթացքում ամեն ինչ կգա իր տեղը, և Բարաք Օբաման կվարի նույն արտաքին քաղաքականությունը, ինչ Ջորջ Բուշը, միգուցե մի քիչ տարբեր քաղաքական ստիլիստիկայով։
-Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում լարվածության լիցքաթափումը հնարավոր չէ՞, եթե Վաշինգտոնը հրաժարվի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայումից։ Մոսկվան հատկապես այս խնդիրն է համարում առաջնային։
-Այսօրվա Ռուսաստանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ փոխզիջումների։ Պուտին-Մեդվեդև տանդեմը կոշտ գծի կողմնակից է, քանի որ համարում են, թե անցած տարիներին Մոսկվան արդեն իսկ աննախադեպ զիջումներ է արել Վաշինգտոնին։ Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշման վրա նույնիսկ մեծ ազդեցություն չի ունենա նավթի գների անկումը, սա էլ միանշանակ է։ Եթե անգամ ամերիկացիները հրաժարվեն հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելուց, ռուսները դրանով չեն բավարարվելու։ Մոսկվան կպահանջի հրաժարվել Վրաստանն ու ՈՒկրաինան ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու ծրագրերից, և եթե անգամ Վաշինգտոնը կրկին զիջի, Կրեմլը կպահանջի առհասարակ հրաժարվել ողջ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի այսօրվա քաղաքականությունից։ Մինչդեռ ԱՄՆ-ը շատ մեծ քաղաքական ու նյութական ռեսուրսներ է ծախսել հետխորհրդային տարածքում ամրապնդվելու համար, և այդ ձեռքբերումները հենց այնպես զիջել հնարավոր չէ։
-Էներգետիկ բնույթի խնդիրները, գազի և նավթի արտահանման շուրջ ծագած հակասություններն ի՞նչ ազդեցություն կունենան Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում Օբամայի վարչակազմի օրոք։
-Էներգետիկ խնդիրներն այսօր առաջնային պլանում են հատկապես Եվրոպայի համար։ Ռուսաստանի վերջին երեք տարվա քաղաքականությունն այս ոլորտում խիստ կոշտ է, և Եվրամիությանը, նաև Միացյալ Նահանգներին ակնհայտորեն անհրաժեշտ են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և նավթի ու գազի ներմուծման նոր ուղիներ։ Այս իրողությունն առաջիկայում շատ կարևոր է դարձնելու Կենտրոնական Եվրոպայի երեք երկրների` ՈՒկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի, ինչպես նաև Հարավային Կովկասի պետությունների դերակատարությունն Արևմուտքի քաղաքականության մեջ։ ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը Մյունխենի վերջին կոնֆերանսում պատահաբար չհայտարարեց, թե իրենք դեմ են ազդեցության գոտիների գաղափարախոսությանը, և յուրաքանչյուր ժողովուրդ, անկախ պետություն ինքը պետք է որոշի իր հարաբերությունները մնացյալ աշխարհի հետ։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում շարունակելու է զարգանալ նույն տրամաբանությամբ, և Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում կարող է ստեղծվել ավելի սուր հակադրություն։
-Ինչպե՞ս կզարգանան իրանա-ամերիկյան հարաբերությունները։
-Կախված է նրանից, թե Իրանի ղեկավարությունն ինչպես կարձագանքի Վաշինգտոնի երկխոսության առաջարկին։ Հարաբերությունների կրկին կոշտացման հավանականությունը փոքր չէ, որովհետև Իրանը չի հրաժարվելու միջուկային ծրագրից։ Դա պարզ է, քանի որ երկիրն ունի բարձր տեխնոլոգիաներ և նույնիսկ արբանյակ է արձակում տիեզերք։ Ամեն դեպքում, առայժմ իրանական կողմից ես չեմ տեսնում էական ընդառաջ քայլեր, թեպետ հասկանալի է, որ դրանց հավանականությունն ավելի կմեծանա նախագահական ընտրություններից հետո։ Հիմա այնտեղ նախընտրական մթնոլորտ է, որը, բնականաբար, ազդում է արտաքին դաշտում ներկայացվող դիրքորոշումների վրա։
-Այս փուլում Հայաստանի վարված արտաքին քաղաքականության Ձեր գնահատականը։
-Նայած որ ուղղությունն ենք ավելի կարևորում։ Ես ակնհայտ դրական միտումներ տեսնում եմ հայ-թուրքական հարաբերություններում։ Բացի այն, որ Թուրքիայի նախագահն առաջին անգամ եկավ Հայաստան, դրանից հետո կա ակտիվ բանակցային գործընթաց։ Մի քանի օր առաջ Թուրքիայի տուրիզմի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին ընդգրկել է արտոնյալ երկրների քաղաքացիների ցանկում, ինչը նշանակում է, որ Թուրքիա այցելող հայաստանցիները կարող են օգտվել ավելի արտոնյալ պայմաններից, հեշտությամբ վիզա ստանալ և այլն։ Քննարկվում է 38 հայկական եկեղեցիներ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի տնօրինությանը վերադարձնելու հարցը։ Արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումներն արդեն բնականոն երևույթ են դարձել բոլոր մեծ միջազգային ֆորումների ժամանակ։ Սրանք դրական և իրական քայլեր են։ Թուրքիայում այսօր մեծանում է այն հեղինակավոր մարդկանց թիվը, ովքեր համարում են, թե թուրք-ադրբեջանական հարաբերությունները պետք է բաժանել հայ-թուրքական հարաբերություններից։
-Դուք ճի՞շտ եք համարում, որ Հայաստանն այդ շփումների ընթացքում ցեղասպանության հարցը չի շեշտադրում։
-Այո, և դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ցեղասպանության ճանաչումից։ Պարզապես Հայաստանը միշտ հայտարարել է, որ կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների միջպետական հարաբերությունների հաստատման։ Հիմա, եթե Անկարայի կողմից քայլ է արվում, որքանո՞վ ճիշտ կլինի նման նախապայման առաջ քաշել։ Թուրքիան էլ ժամանակին ուներ նախապայմաններ, մասնավորապես, Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, իսկ այսօր գործնականում այդ նախապայմանը չի հնչեցվում։ Այսինքն, երկկողմանի զիջումներ կան այս փուլում։ Այլ հարց է, թե երկու կողմերը որքանով հետևողական կլինեն այդ քաղաքականությունը շարունակելու հարցում։
-Ղարաբաղի հարցում իշխանությունների վարած քաղաքականությունը Ձեզ բավարարո՞ւմ է։
-Գիտե՞ք, կարելի է միշտ էլ քննադատել իշխանությանը, թե ինչու հարցի լուծումը չի արագացվում։ Բայց միաժամանակ, օբյեկտիվ լինելու դեպքում պետք է ընդունենք, որ լուծման արագացումը միայն Հայաստանից չի կախված։ Ենթադրենք, թե Հայաստանի իշխանությունները հիմա հայտարարեն, որ պատրաստ են մեծ զիջումների, դա չի նշանակում հիմնախնդրի լուծում։ Որովհետև վերջին մի քանի տարիներին Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ որևէ լուծման։ Բաքուն պահանջում է իր վերահսկողության տակ վերադարձնել ամեն ինչ, ներառյալ Ղարաբաղը, ինչն անթույլատրելի է։ Նույնիսկ եթե Հայաստանի ղեկավարությունը դրան էլ համաձայներ, այն պայմանով, որ գոնե Արցախի հայությանը անվտանգության երաշխիքներ տրվեին, Ադրբեջանը դրան էլ համաձայն չէ։ Նրանք չեն թաքցնում, որ Ղարաբաղը պատկերացնում են միայն առանց հայերի։ Այսպիսի դիրքորոշման պայմաններում, ես, իբրև քաղաքագետ, որքան էլ կարևորեմ հարցի կարգավորումը, չեմ կարող Հայաստանի իշխանությունից պահանջել գնալ այդպիսի զիջումների։ Դա լուրջ չէ և բացարձակ անտրամաբանական է։
Երբ մենք տասը տարի առաջ ասում էինք` փոխզիջումներ են պետք, որպեսզի Հայաստանը դուրս չմնա տարածաշրջանային էներգետիկ և կոմունիկացիոն ծրագրերից, այն ժամանակ չկար Կոսովոյի նախադեպը։ Այսօր կա և՛ այդ նախադեպը, և՛ Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման նախադեպը։ Ճիշտ է, Ռուսաստանն այսօր չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, ԱՄՆ-ը Սուխումին և Ցխինվալին չի համարում անկախ միավորներ։ Բայց սա այն հարցն է, որի շուրջ Մոսկվան և Վաշինգտոնը ուշ թե շուտ գալու են որոշակի ընդհանուր հայտարարի, և դա, կարծում եմ, տեղի կունենա մեկ-երկու տարում։ Այդ համաձայնությունը կարող է լինել, ասենք, այն տեսքով, որ բացառիկ դեպքերում ինքնորոշման իրավունքի կիրառումն արդարացված է։ Այդ դեպքում պետք է նշեն, թե որոնք են այդ բացառիկ դեպքերը, և տվյալ պարագայում համոզված եմ, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման համար անհամեմատ ավելի շատ հիմնավորումներ կգտնվեն, քան նույն Աբխազիայի դեպքում։
-Ի՞նչ թերացումներ եք տեսնում մեր այսօրվա արտաքին քաղաքական կուրսի մեջ, կամ ի՞նչը կցանկանայիք, որ սրբագրվեր։
-Հայաստանը պետք է վարի հավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականություն։ Այսօր կա ոչ անհիմն տպավորություն, որ ռուսական վեկտորի ազդեցությունը ցանկալիից ավելի շատ է, և դա խնդիրներ է ստեղծում մեզ համար։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց այդ կազմակերպությունը գործունակ անվտանգության մեխանիզմ չէ։ Մեզ վտանգ սպառնալու դեպքում միգուցե կաշխատի ռուս-հայկական երկկողմ պայմանագիրը, բայց ոչ ՀԱՊԿ-ի համակարգը։ Վերջին գագաթաժողովում ՀԱՊԿ-ի ղեկավարները որոշեցին ստեղծել արագ արձագանքման օպերատիվ ուժեր։ Բայց, Հայաստանից ու Ռուսաստանից բացի, ՀԱՊԿ-ում մասնակցում են Բելառուսը և կենտրոնասիական պետությունները։ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում նրանք մեզ օգնության չեն գա, դա պարզ է օրվա լույսի պես։ Բացի այդ, Բելառուսն արդեն հայտարարել է, որ չնայած իրենք ստորագրել են պայմանագիրը, բայց բելառուսական բանակի ստորաբաժանումները երբեք չեն մասնակցի Կենտրոնական Ասիայում կամ Հարավային Կովկասում որևէ ռազմական գործողության, այլ միայն կենտրոնական եվրոպական ուղղությամբ` Ռուսաստանի հետ համատեղ։ Սա արդեն իսկ ցուցանիշ է, որ կազմակերպությունը որպես այդպիսին գործունակ չէ։ Անցյալ տարի ստորագրվել է նաև ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմ ստեղծելու մասին պայմանագիր, որն առայժմ չի վավերացվել։
Սակայն այս քայլերը Հայաստանի շուրջ աննպաստ մթնոլորտ են ստեղծում։ Մեր երկու հարևանները` Վրաստանն ու Ադրբեջանը, այնուհանդերձ, կողմնորոշված են դեպի ՆԱՏՕ, և տարածաշրջանում ՀԱՊԿ-ի գործունեությունը խթանելով, մենք, փաստորեն, խրախուսում ենք բաժանարար գծի ստեղծումը։ ԱՊՀ-ի կառույցները փլուզվել են կամ փլուզման փուլում են, Վրաստանն ու Ադրբեջանը երբեք այդ դաշտ չեն վերադառնա, և մենք դա պետք է գիտակցենք։ Դրա համար էլ մեր քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր։ ՈՒշադրության է արժանի թեկուզ այն, որ Ռուսաստանը, լինելով մեր ռազմավարական դաշնակիցը, խանդով է վերաբերվում նույնիսկ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրում հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի մասնակցությանը։ Մինչդեռ սա զուտ տնտեսական ծրագիր է, որը վերաբերում է միգրացիայի խնդիրներին, վիզային ռեժիմի հնարավոր մեղմացմանը Եվրամիության հետ հարաբերություններում։ Այդ ծրագրի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստացել Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը դուրս բերել եվրոպական շուկա, ինչը շատ կարևոր է։ Մենք պետք է մտածենք Հայաստանի անվտանգության իրական երաշխիքների ձևավորման մասին` նկատի ունենալով, որ, այսպես թե այնպես, մեր տարածաշրջանի ապագան Եվրամիության կազմում է։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4306

Մեկնաբանություններ